Անծայրածիր տիեզերքում՝ ամպերի հովանու ներքո, ապրում էր լուսափայլ Ձյունե Փաթիլը։ Նրա թախծոտ աչքերում և այտերին սառցե կաթիլներ էին քարացել։ Աստղերը, լուսինը, երկնքի մյուս «բնակիչները» շատ են ուզում իմանալ, թե ինչն է Փաթիլի տխրության պատճառը։ Եվ ի՞նչ. նա երազում տեսել է քնքուշ ու բարի մի աղջնակի, պարուրվել սիրո զգացումներով։ Բայց աղջիկն ապրում է հեռավոր երկրում։ Ճակատագիր տնօրինող ծերունի հրեշտակապետի օրհնությունն ստանալով, երկնքի մյուս «բնակիչների» բարի մաղթանքներով մխիթարված՝ Փաթիլը սլանում է երկիր՝ հանդիպելու իր երազի աղջկան։ Հետո թեթևասահ իջնում է աղջկա ձեռքի վրա ու... հալվում նրա ափի մեջ՝ կաթիլ-կաթիլ փարվելով հողին։
Այս երևակայական հեքիաթային պատումը, որ ինձ շատ հուզեց, տեղ է գտել «Արարման գիշեր» արձակ ժողովածուի առաջին էջերում։ Հեղինակը՝ ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ։ Ճշմարիտն ասած, այս գրքի հետ հանդիպման պատճառը հենց հեղինակի ազգանունն էր, որ ինձ հիշեցրեց սփյուռքահայ նշանավոր գրող Շահան Շահնուրին։ Գրքի վերջին էջի տեղեկատվությունից իմացա, որ հեղինակի ազգանունը Շահնազարյան է, որ նա Երևանի թիվ 189 դպրոցն ավարտելուց հետո ծառայել է հայոց բանակում, վերջերս ավարտել է պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը, նրա ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են տարբեր ժողովածուներում ու մամուլում։ Եվ սա էլ երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որ լույս է ընծայել «Նաիրի» հրատարակչությունը։
«Փաթիլին» հաջորդող մյուս պատմվածք-մանրապատումներն էլ սիրով ընթերցեցի, և վերջին՝ «Փորձաշրջան» էտյուդը տպավորությունս ամբողջացրեց։ Համոզվեցի, որ գործ ունեմ «գրական փորձաշրջանի» քննությունը հաջողությամբ հանձնած հեղինակի հետ, և որ ժամանակակից հայ արձակի ուղեծրում հայտնվել է շնորհալի մի երիտասարդ՝ ինքնատիպ ստեղծագործական ձեռագրով։
Գիրքն ընդգրկում է տասնյակից ավելի պատմվածք ու մանրապատում՝ հիմնականում թեմատիկ բովանդակային լիցքերով, սյուժեի քնարական շերտերով, իրականի ու երևակայականի հետաքրքիր ներհյուսվածքով։ Արձակագրի տեսադաշտում կյանքի «աննշմարելի», բայց ներհուն ասելիքով դրվագ է, մի հուշ, անցյալ ու ներկա օրերի ցավերից ու տագնապներից «որսած» մի պահ, որ ճակատագրական դեր է խաղում մարդու կյանքում։ Ահա հուզիչ մի պատում՝ մանկության թանկ ու նվիրական մի հուշ՝ հայրենական տունը հարկադրաբար լքող ընտանիքի մասին, իսկ հավատարիմ շունը չի հետևում նրանց, մնում է հսկելու, պահպանելու օջախը («Լուսավոր մի կետ»)։ Ահա և մեկ ուրիշ մանրապատում պատերազմի դաշտից հաշմանդամ վերադարձած զինվորի փլուզված սիրո ու ընտանեկան ողբերգության մասին, որից որպես անմոռաց հուշ մնացել է... զարդասեղանը («Զարդասեղան»)։ «Մրուրի մեջ» պատմվածքի հերոսը՝ կույր մի տղա, մոր օգնությամբ, համակարգչով «վիրտուալ» ծանոթանում է աղջկա հետ, բայց երբ վերջինս իմանում է տղայի կուրության մասին, այլևս չի արձագանքում։ «Միայնության հետ» մանրապատումն էլ այն մասին է, թե ինչ անտանելի է կյանքը դառնում, երբ մեծ աշխարհում, մարդկանց անտարբերության պայմաններում, դու քեզ մենակ ու անօգնական ես զգում։ Այս ամենի հետ արձակագիրը ներկայացնում է նաև անցյալի մի ցավագին հուշապատում եղեռնը վերապրած հարյուրամյա Հակոբ պապի շուրթերով, թուրքի յաթաղանից լեզուն թրատված տղայի մասին, որ հայոց այբուբենը դրվագում է ավազի վրա («Խոսող ավազը»)։
Շահնուրի հոգեմոտ թեմաներից է կենդանիների «փոխհարաբերությունների», նրանց վարքուբարքի «նատուրալ» պատկերումը՝ գրական հայտնի հնարանքի՝ անձնավորման միջոցով։ Ժողովածուի ամենածավալուն պատմվածքի («Փողոցային գաղտնիքներ») «հերոսների»` Ռալֆ և Գերց անուններով շների հուզիչ «ընկերության», նրանց արկածների պատմությունն ընթերցողին ստիպում է մտորել այն մասին, թե մարդկանց առօրյա կյանքում ինչքան կարևոր են հավատարմությունն ու բարեկամությունը։ «Մեր սերը՝ ձեզ» մանրապատումը նույնպես բնության մեջ և կենդանական աշխարհում տիրող ներդաշնակությունը մարդկանց կեցության մեջ տեսնելու երազանքն է երևակում։
Եվ, այնուամենայնիվ, գրքում ամփոփված ստեղծագործությունների դրական այս լիցքերի շեշտադրումով մեկ-երկու դիտարկում. թվում է, թե լինելով այսքան երիտասարդ, Լևոն Շահնուրը չափից ավելի է տարվում անցյալի հուշերով՝ իր և իր հերոսների։ Նրա մի շարք պատումների «գլխավոր հերոսը»... հուշն է կամ կյանքի ծանր որոգայթներում հայտնված մարդը՝ փշրված երազանքներով, միայնության ցավերով ու տագնապներով։ Բայց և հավատում ենք, որ շնորհալի երիտասարդ արձակագրի «Արարման գիշերին» կհաջորդեն «արարման լուսաբացներ», այս ժողովածուում նշմարվող «լուսավոր կետը» կընդարձակի իր բովանդակային շրջանակները, և նա ընթերցողներին կներկայանա առավել հասուն ստեղծագործական դիմապատկերով։
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ